Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պուտինի նոր զենքի հիմքում հին տեխնոլոգիաներն են

Պուտինի նոր զենքի հիմքում հին տեխնոլոգիաներն են
07.03.2018 | 10:28

Վլադիմիր Պուտինը դիմեց ժողովրդին ու հպարտացավ Ռուսաստանի նոր զենքերով: Ի՞նչն է նոր: Համարյա ոչինչ` կարծում է փորձագետ Պյոտր Տոպիչկանովը: Դաշնային ժողովին ամենամյա ուղերձի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսում էր ռազմական արդյունաբերության մեջ մեծ ներդրումների մասին:

Ռուսական զինուժը հսկայական է: Մինչև հիմա համարվում էր, որ խիստ հնացած է, բայց հիմա այլևս այդպես չէ` ըստ ՌԴ նախագահի: Նրա այդ հայտարարությունը բուռն ծափահարություններ ստացավ: «Աշխարհում ոչ ոք նման զենք չունի»` հայտարարեց Պուտինը` ցուցադրելով ռազմական տեխնիկայի նմուշները: Օրինակ` միջուկային լիցքով գերձայնային հրթիռը, որ գործողությունների անսահմանափակ հեռահարություն ունի ու, ինչպես ասվեց, հնարավոր չէ խփել գոյություն ունեցող հակահրթիռային համակարգերով: «Ես կարծում եմ, որ հիմա նա այդ զենքը սեփական ժողովրդին ցույց տվեց իբրև իր նախընտրական արշավի մաս, որ ստիպում է մտածել` իսկ ի՞նչ կլինի, եթե դա դառնա նրա օրակարգի գերակայությունը, երբ վերընտրվի: Ռուս վերլուծաբանները որոշակի տագնապներ ունեն»` գրում է Խաղաղության խնդիրների Ստոկհոլմի ինստիտուտի գիտաշխատող Պյոտր Տոպիչկանովը Ny Teknik-ում: Մեկ այլ հարց է` կհերիքե՞ն Ռուսաստանի տեխնոլոգիական ու տնտեսական ուժերը զենքի այդ ժամանակակից տեսակների արտադրությանը:

Տոպիչկանովի խոսքով` բոլոր դեպքերում Ռուսաստանն ունի տեխնոլոգիաներ` համարյա բոլոր նոր զինատեսակների հիմքում ԽՍՀՄ-ի ժամանակների մշակումներն են: Միջուկային շարժիչով զենքի գաղափարը կապված է ատոմային ռմբակոծիչների սովետական փորձերի հետ: «Սարմատ» ծանր բալիստիկ հրթիռները նոր են, բայց նրանց մեջ օգտագործված են սովետական ժամանակների բազում տեխնոլոգիաներ: Միջուկային շարժիչով ստորջրյա դրոնը հնարավոր է` կապված է T-15 տորպեդային նախագծի հետ: Բուստերային համակարգի հիմքում «Ալբատրոս» նախագիծն է: «Ռուսաստանն ունի տեխնոլոգիաներ, որ կարող է այդ համակարգերում օգտագործել: Նրանցից շատերը սովետական ծագում ունեն: Անկասկած` Ռուսաստանն ի վիճակի է ստեղծել այդ զենքերը: Սակայն հարց է` թույլ կտա՞ ռուսական տնտեսությունը ստեղծել այդքան թանկ ու միաժամանակ` ոչ ամենաարդյունավետ ու հուսալի զենքը»` հարցնում է Տոպիչկանովը:

Քիչ հավանական է, որ Ռուսաստանը միջուկային հարձակում գործի: Երկու Սցենար կա, որոնց դեպքում ռուսական ռազմական դոկտրինը թույլ է տալիս միջուկային զենք կիրառել: Նախ` Ռուսաստանի կամ նրա դաշնակցի դեմ միջուկային հարձակումը: Հարձակման մասշտաբը նշանակություն չունի: Երկրորդ` Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել ի պատասխան ոչ միջուկային հարձակման, եթե դա սպառնալիք է Ռուսաստանի համար: Երկրորդ սցենարն այնքան էլ հստակ չէ: «Դա կարող է մեկնաբանության խնդիր լինել: Ինձ թվում է` հազիվ թե ՆԱՏՕ-ի գործունեությունը Ռուսաստանի կամ Ղրիմի դեմ, որ Ռուսաստանը համարում է իրենը, հանգեցնի միջուկային պատասխանի Ռուսաստանի կողմից: Այնուամենայնիվ` ռուսական ռազմական դոկտրինի այս հատվածը պարզաբանման կարիք ունի»` կարծում է Պյոտրի Տոպիչկանովը:
Վիկտոր ՕԳՐԵՆ, Ny Teknik, Շվեդիա


Հ.Գ. Միանշանակ` ՌԴ նախագահը համաձայն չէր լինի ռազմական փորձագետի հետ, որ Դաշնային ժողովին ուղերձի ժամանակ հատուկ շնորհակալություն էր հայտնում երիտասարդ գիտնականներին` իրենց գերժամանակակից գաղափարների համար և շեշտում էր, որ աշխարհը ժամանակի մեջ պատասխանը կգտնի ռուսական նոր զենքերին, բայց այդ ընթացքում «տղաները» նոր զենքեր մշակած կլինեն:


«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը երկրում մշակված միջուկային զենքի նոր տեսակների մասին Ռուսաստանի վերսկսված ագրեսիվության մասն է, որին Արևմուտքն արդեն արձագանքում է»` ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, որ սպառազինությունների մրցավազքից խուսափելու հույս ունի: «Բնականաբար, մենք անհանգստացած ենք,- ասել է նա Իրաք այցի ժամանակ:- ՆԱՏՕ-ն նոր սառը պատերազմ չի ուզում: Մենք սպառազինությունների նոր մրցավազք չենք ուզում»: «Վարքի այդ մոդելը, որին մենք հետևում ենք արդեն մի քանի տարի, պատճառներից մեկն է, որ ՆԱՏՕ-ն հարմարվում է և մեր հավաքական պաշտպանության ամենալայնածավալ ամրապնդումն է իրականացնում սառը պատերազմի ժամանակից ի վեր»,- հայտարարել է նա: «Մենք Ռուսաստանի գործողություններին հայելայնորեն չենք պատասխանում՝ հրթիռ հրթիռի դիմաց, զենք զենքի դիմաց, բայց արձագանքում ենք, որովհետև տեսնում ենք, որ նա իրեն ավելի ագրեսիվ է պահում»,- հավելել է Ենս Ստոլտենբերգը և նորից Ռուսաստանին կոչ է արել պահպանել Միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագիրը, որը, ըստ ԱՄՆ-ի, Պուտինը խախտել է նոր տեսակի զենքերի մասին իր հայտարարությամբ:


Տարօրինակ իրավիճակ է` ՆԱՏՕ-ն ի պատասխան Ռուսաստանի է քայլեր ձեռնարկում, Ռուսաստանը` ի պատասխան ՆԱՏՕ-ի, բայց երկուսն էլ պատերազմ չեն ուզում ու մտադիր չեն միմյանց վրա հարձակվել` պարզապես պաշտպանվում են միմյանցից` կատարելագործելով ու բազմապատկելով զենքերը` իբրև զսպիչ գործոն:
Ի՞նչ է պետք վստահությունը համաձայնագրի մակարդակով վերականգնելու համար` այս հարցը դեռ երկար պատասխան չի ստանա` լինելով քաղաքական: Ակնհայտ է, որ երկրորդ սառը պատերազմը վաղուց է սկսվել ու սպառազինությունների անկանգ մրցավազքը միակ քաղաքականությունն է, որին ապավինում են կողմերը` առանց քաղաքական բանակցությունների մտադրության: Պուտինի ուղերձը Դաշնային ժողովին փաստացի պատասխանն էր Մեծ Բրիտանիայի վարչապետ ՈՒինստոն Չերչիլի Ֆուլտոնի հայտնի ելույթի, որով Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո սկսվեց առաջին սառը պատերազմը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2851

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ